Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ կփոխի Երուսաղեմի` Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը

Ի՞նչ կփոխի Երուսաղեմի` Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը
10.12.2017 | 21:05

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունն այնտեղ տեղափոխելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հեռագնա հետևանքներ կունենա: Քաղաքական փոխված իրավիճակի մասին մի քանի եզրակացություններ արդեն հիմա կարելի է անել:
Բոլորովին վերջերս պաղեստինցիների ներկայացուցիչը Վաշինգտոնում ասում էր, որ նախագահ Թրամփը կարող է հաշտության հասնել այնտեղ, որտեղ ոչ մեկին չի հաջողվել: Ամեն հանդիպման ժամանակ նախագահն ասում էր, որ հոգով-սրտով պատրաստ է նպաստել խաղաղության գործընթացին` պատմում է «Պաղեստինի ազատագրության կազմակերպության» ներկայացուցիչ Խուզամ Զոմլոտը: Դա շատ լավատեսական հայացք է իրավիճակին, բայց Թրամփի նշանակած բանակցողների գործողությունները պաղեստինցիներին թույլ էին տալիս մտածել, որ իրենց հարաբերությունները Սպիտակ տան հետ կարգավորվում են: Ըմբռնումն ամրապնդելու համար Զոմլոտը վճռեց Կապիտոլիումի բլրի վրա Սուրբծննդյան երեկո կազմակերպել` հրավիրելով Կոնգրեսի անդամներին ու ԱՄՆ վարչակազմի աշխատակիցներին: Երեկոյի մեխը պետք է դառնար Բեթղեհեմում տոնակատարության հեռուստակամուրջը` Սուրբ Հողի ու ԱՄՆ քաղաքականության միջնաբերդի միջև: Բայց երբ պաղեստինյան ներկայացուցչությունում տեսան նորությունների վերնագրերը Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշման մասին, երեկոն բեկանվեց: «Խաղաղության սկզբունքներին հակասող հայտարարության լույսի ներքո երեկոն դառնում է անտեղի»` ասացին «Պաղեստինի ազատագրության կազմակերպությունում»:


Փաստը, որ պաղեստինցիներին ու, դատելով մամուլից, նաև արաբական պետությունների ղեկավարներին, տեղեկությունն անակնկալի բերեց, Երուսաղեմի ճանաչումն առավել ծավալուն մերձավորարևելյան ռազմավարության մաս չէր: Կա վարկած, որ Թրամփը ցանկանում էր խաղաղության գործընթացի բոլոր մասնակիցներին ցնցել, որ հետո հեշտ լինի բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել: Բայց ավելի շուտ նա ջանաց կատարել նախընտրական խոստումը, որ տվել էր ԱՄՆ-ի հրեաներին ու ավետարանչական քրիստոնյաներին, որ նրա ընտրախավի կարևոր հատվածն էին: Բազում վկայություններ կան, որ Թրամփին խիստ նյարդայնացնում էր ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների մշտական հակազդեցությունը: Երկուշաբթի նրանք հավաքվեցին, որ հերթական անգամ քննարկեն դեսպանատան տեղափոխման տարբերակները: Այդ հարցը օրակարգում է հայտնվում 6 ամիսը մեկ, երբ 1995-ին Կոնգրեսը որոշում ընդունեց դեսպանատունը Թել Ավիվ տեղափոխել: Այդ օրենքով` վարչակազմը կամ պետք է դեսպանատունը վերադարձնի Երուսաղեմ, կամ` հերթական բացատրությունը տա` ինչու է վտանգավոր դա անելը: Պաշտոնյաները պատմում են, որ Թրամփը համաձայնել է ստորագրել ավանդական փաստաթուղթը, որ դեսպանատան տեղափոխումը նորից հետաձգվում է միայն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը իսկապես Թել Ավիվից տեղափոխումը սկսելու դեպքում: «Նախորդ նախագահները միայն ընտրություններից առաջ խոստումներ են տվել,- հաղթական հայտարարեց Դոնադ Թրամփը չորեքշաբթի օրվա իր ելույթում:- Բայց ոչինչ չեն արել: Այսօր ես կատարում եմ այդ խոստումը»:


Փոխնախագահ Մայք Փենսի դեմքը փայլում էր բավականությունից, երբ Թրամփը ցուցադրում էր լուսանկարիչներին իր ստորագրությունը որոշման տակ: Փենսի ազդեցությունը մեծ դեր խաղաց Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելու մեջ: Որոշումը ցույց տվեց ընտրողների պահպանողական-քրիստոնեական հատվածի ողջ հզորությունը (որ միշտ ակտիվ պաշտպանում է Իսրայելին կրոնական նկատառումներով): Դա չվրիպեց պաղեստինցի հայտնի քաղաքական գործիչ ու քրիստոնյա Հանան Աշրավիից: «Իմ Աստվածն ինձ չի ասել այն, ինչ նրանց Աստվածն ասել է իրենց»` հեգնեց պատգամավորը: «Մենք վաղեմի քրիստոնյաներ ենք, մենք այդ հողի տերն ենք, մենք ժողովուրդ ենք, որ դարեր ապրել է այստեղ: Ինչպես են նրանք հանդգնում խցկվել իրենց ավետարանական հնարանքներով ու առավելապաշտական նկրտումներով»` ասում է Աշրավին: Ճակատագրի հեգնանքով քրիստոնեական խաղաքարտը փորձում էր օգտագործել և բանագնաց Խուզամ Զոմլոտը, որ մտահղացել էր Սուրբծննդյան երեկոն Կապիտոլիումում: Նա ցանկանում էր շրջանառության մեջ դնել «Քրիստոսը Պաղեստինի պարգևն է» արտահայտությունը և քրիստոնյա ԱՄՆ-ում ավելի մեծ կարեկցանք հարուցել պաղեստինցիների նկատմամբ:


Թրամփի անակնկալը դատապարտումի հզոր ալիք հարուցեց ԱՄՆ-ի արաբ դաշնակիցների շրջանում: Երուսաղեմը ոչ միայն բաժանված ու վիճելի մայրաքաղաք է, Սուրբ հող է: Երուսաղեմի դեպքում արաբ ղեկավարները հակված չեն առաջնորդվել բացառապես պրագմատիզմով (որի վրա կարող էին հենվել արաբաիսրայելյան կարգավորման մյուս հարցերում): Իբրև մուսուլմանական սրբավայրերի պահապան Հորդանանն ու Սաուդյան Արաբիան նախազգուշացրին, որ Սպիտակ տան որոշումը կարող է խիստ զայրացնել իսլամական աշխարհը: Արաբական գարունից հետո արաբական պետությունների գերակայությունները ակտուալ են Պարսից ծոցի երկրների համար: Հանուն այդ խնդրի նրանք, ջանալով ուշադրություն չգրավել, համագործակցում են իսրայելյան հետախուզության հետ, Թրամփի օգնությունը նույնպես նրանց պետք է: Եթե Պարսից ծոցի երկրների ղեկավարները աղմկելով Երուսաղեմի պատճառով որևէ կոնկրետ քայլ չանեն, կվկայի, որ Մերձավոր Արևելքը փոխվել է:


Ի վերջո հիմնական հարցը Արևմտյան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չէ, այլ` օկուպացված Արևելյան Երուսաղեմը կդառնա՞ անկախ պաղեստինյան պետության մայրաքաղաք: Թրամփը այդ հնարավորությունը բաց է թողել` հայտարարելով, որ իր որոշումը չի վերաբերում քաղաքի վերջնական կարգավիճակին, «այդ թվում` Երուսաղեմի վրա Իսրայելի ինքնիշխանության սահմաններին կամ վիճելի սահմանների հարցին»: Դա նման է ակնարկի, որ Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների հավակնությունները մնում են բանակցության թեմա: Սակայն Թրամփը դա կոնկրետ չի ասել, ինչպես և չի հայտարարել, որ գործընթացի վերջնական նպատակը երկու պետությունների ստեղծումն է: Դրա փոխարեն նա ասաց, որ ԱՄՆ-ը աջակցում է այդ տարբերակին երկու կողմերի համաձայնության դեպքում: Դա բնավ էլ այն միանշանակ աջակցությունը չէ, որ սպասում էին պաղեստինցիները: Ի վերջո, Թրամփը ոչինչ չի առաջարկել պաղեստինցիներին ու նրա խոսքն ընկալվեց իբրև աջակցություն Իսրայելին:


Թրամփը հավատացնում է, որ Երուսաղեմի ճանաչումը կարագացնի խաղաղության գործընթացը: Բայց, կարծես, նա ինքը ձախողեց մերձավորարևելյան կարգավորման իր նախաձեռնությունը: Իսրայելյան աջերը, որ կատեգորիկ դեմ են պաղեստինյան պետությանը և տարածքային զիջումներին Երուսաղեմում, հիմա կրկնակի ոգևորված են: Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի համար հիմա շատ ավելի դժվար է բանակցություններ սկսել Իսրայելի հետ: Թրամփի խորհրդականները հասկացնում են, որ շարունակում են աշխատել խաղաղության ծրագրի վրա և սպասում են, որ Երուսաղեմի ճանաչման աղմուկը անցնի: Բոլոր դեպքերում ծրագիրը դեռ պատրաստ չէ և պաղեստինցիները ժամանակ ունեն թե՜ բանակցություններից հրաժարվելու, թե՜ մտադրությունը փոխելու: Բայց վարչակազմը հաշվի չի առել, որ հիմա ԱՄՆ-ը ներքաշվել է Երուսաղեմի վերաբերյալ վեճի մեջ: Դա անհարմար, խոցելի դիրք է բանակցությունների միջնորդի համար:
BBC


Հ.Գ. Ամբողջ աշխարհի մուսուլմաններին միավորում է միայն մեկ հարց` պաղեստինյանը: Նրանց կարծիքները բաժանվում են Սիրիայի, Իրաքի, Իրանի հարցում, բայց Երուսաղեմի իրենց սրբավայրերի վերաբերյալ միասնական են: Նրանք կարող են միավորվել Թրամփի ու Երուսաղեմի դեմ: Բայց թեման բոլորովին էլ նոր գտնված չէ: Մուսուլմանական աշխարհում հավատում էին Պաղեստինի ստեղծմանը: Բայց Օսլոյի համաձայնագրից 23 տարի է անցել ու ոչինչ չի փոխվել, Արևմտյան ու Արևելյան Երուսաղեմում արդեն 800 000 հրեա է ապրում: Եթե Երուսաղեմն Իսրայելինն է, ինչի՞ շուրջ պիտի բանակցեն նրանց հետ պաղեստինցիները: Թրամփի որոշման դեմ զայրույթը միավորել է 56 երկիր, որտեղ մուսուլմանները մեծամասնություն են, 1,5 միլիարդ մարդու (աշխարհի բնակչության 22 %-ը), որովհետև Մեքքայից ու Մեդինայից հետո Երուսաղեմն իսլամի երրորդ սրբավայրն է: Բայց կօգնի՞ զայրույթը հաղթահարել մյուս տարաձայնությունները, իսկ 56 երկրների տարաձայնությունները շատ ավելի խոր ու բարդ են, քան Երուսաղեմի հարցը: Եվ այստեղ կբերի Դոնալդ Թրամփի բախտը, ինչպես տասնամյակներով բերում է Իսրայելի բախտը, որ խաղարկում է արաբական երկրների տարաձայնությունները իր օգտին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ